Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 6

:
Armenian - NEA
1 Աստծու տապանակը յոթ ամիս այլազգիների երկրում էր, և նրանց երկիրը մկներով լցվեց։
2 Այլազգիները կանչեցին իրենց քրմերին, գուշակներին և իմաստուններին ու ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը, ասացե՛ք մեզ, թե այն ինչպե՛ս հետ ուղարկենք»։
3 Նրանք ասացին. «Եթե Տիրոջ՝ Իսրայելի Աստծու Ուխտի տապանակը հետ ուղարկեք, այն սոսկ մի՛ ուղարկեք, այլ պատուհասի վերացման ընծայով, և կբուժվեք, ու կներվեն ձեր մեղքերը, այլապես նրա ձեռքը գուցե չվերանա ձեզանից»։
4 Նրանք հարցրին. «Ի՞նչ տանք իբրև պատուհասի վերացման ընծա»։ Պատասխանեցին. «Պատրաստե՛ք հետույքի ոսկե հինգ քանդակներ, այսինքն՝ այնքան, որքան որ այլազգիների իշխանների թիվն է, և ոսկե հինգ մկներ, որովհետև այդ հարվածներն իջել են հավասարապես թե՛ ձեր, թե՛ ձեր իշխանների և թե՛ ժողովրդի վրա։
5 Արդ, պատրաստե՛ք ձեր հետույքների, ինչպես նաև ձեր երկիրն ապականող մկների քանդակները, և փա՛ռք տվեք Տիրոջը, որպեսզի նա թեթևացնի իր ձեռքը ձեր, ձեր աստվածների ու ձեր երկրի վրա։
6 Ինչո՞ւ եք ձեր սրտերը կարծրացնում այնպես, ինչպես Եգիպտոսն ու փարավոնն էին կարծրացրել իրենց սրտերը։ Արդյոք չարձակեցի՞ն նրանց և չգնացի՞ն, երբ պատժեց նրանց։
7 Արդ, վերցրե՛ք և մի նոր սա՛յլ պատրաստեք, և անդրանկածին երկու երինջ, առանց ձագերի։ Երինջները սայլի՛ն լծեք, իսկ հետևից եկող հորթերին գոմում փակե՛ք։
8 Վերցրե՛ք Տիրոջ տապանակը և դրե՛ք սայլի վրա, նրա կողքին դրե՛ք նաև ոսկե իրերը՝ պատուհասի վերացման ընծաները, քուրձե տոպրակի մեջ։ Ապա ընթա՛ցք տվեք սայլին և թողե՛ք, որ գնա։
9 Հետևե՛ք և տեսե՛ք. եթե դեպի իր սահմանը՝ Բեթսամյուս է գնում, ուրեմն իմացե՛ք, որ նա է մեզ այս մեծամեծ չարիքները հասցրել, իսկ եթե՝ ոչ, ապա նրա ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։
10 Այլազգիներն այդպես էլ արեցին։ Նրանք անդրանկածին երկու երինջ բերեցին, դրանք լծեցին սայլին, իսկ դրանց հորթերը պահեցին գոմում։
11 Տիրոջ տապանակը դրեցին սայլի վրա, ինչպես նաև մկների ու իրենց հետույքների ոսկե քանդակները՝ քուրձե տոպրակի մեջ։
12 Երինջները ուղղվեցին Բեթսամյուսի ճանապարհը. նրանք ուղիղ ընթանում էին մի շավիղով, առանց աջ ու ձախ խոտորվելու։ Այլազգիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց հետևից։
13 Բեթսամյուսի բնակիչները հովիտներում ցորեն էին հնձում։ Իրենց աչքերը բարձրացնելով՝ նրանք տեսան Տիրոջ տապանակը և ուրախացած ընդառաջ գնացին նրան։
14 Սայլը մտավ Բեթսամյուսում գտնվող Ովսիեի հանդը։ Սայլի կողքին մի մեծ քար կանգնեցրին, սայլի փայտերը կոտրեցին և երինջները Տիրոջը ողջակեզ մատուցեցին։
15 Ղևտացիները վերցրին Տիրոջ տապանակը, քուրձե տոպրակն ու դրա միջի ոսկե անոթները և դրեցին մեծ քարի վրա։ Բեթսամյուսի այրերն այդ օրը Տիրոջը ողջակեզներ մատուցեցին ու զոհեր զոհեցին։
16 Այլազգիների հինգ նախարարներն այս տեսնելուց հետո վերադարձան Ակկարոն։
17 Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկե հետույքներից մեկը Ազովտի համար էր, մեկը՝ Գազայի, մեկը՝ Ասկաղոնի, մեկը՝ Գեթի, մեկն էլ՝ Ակկարոնի համար.
18 ոսկե մկները համապատասխանում էին այլազգիների հինգ նախարարների քաղաքների թվին, պարսպապատ քաղաքներից մինչև փերեզացիների ավանները, և մինչև այն քարը, որի վրա դրեցին Տիրոջ Ուխտի տապանակը, որը մինչև այսօր էլ կա բեթսամյուսացի Ովսիեի հանդում։
19 Բեթսամյուսացիներից Հեքոնեի որդիները, սակայն, չուրախացան, որ տեսել են Տիրոջ Ուխտի տապանակը։ Տերը նրանցից հիսուն հազար յոթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգաց, քանի որ Տերը ժողովրդին մեծամեծ հարվածներ հասցրեց։
20 Բեթսամյուսի այրերն ասացին. «Ո՞վ կարող է այս սրբության՝ Տիրոջ՝ Աստծու առջև շրջել, և մեզանից ո՞ւմ մոտ կգնա Տիրոջ տապանակը»։
21 Եվ պատգամավորներ ուղարկեցին Կարիաթ-Յարիմի բնակիչների մոտ՝ ասելով. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ տապանակը, եկե՛ք և այն ձեզ մո՛տ տարեք»։